«Լևադա Կենտրոն» հասարակական կարծիքի ուսումնասիրման անկախ կենտրոնի նոյեմբերյան հարցման արդյունքները զարմացնում են: Արևմուտքի նկատմամբ իշխանությունների ի՞նչ քաղաքականությունը կաջակցեք հարցին, 71 %-ը պատասխանել է հօգուտ մերձեցման, 17%-ը՝ հետագա սրման: Մի՞թե դա խռովություն է Կրեմլի արտաքին քաղաքականության նկատմամբ՝ հարցնում է Յուլյա Սմիռնովան Die Welt-ում: Մասնակիորեն դա կարելի է բացատրել շատ ավելի խաղաղ տոնով, որ վերցրել է Պուտինը ԱՄՆ ընտրություններից առաջ: Անցած շաբաթ ՌԴ նախագահը խոսեց «ռուս-ամերիկյան հարաբերությունների ծայրահեղ անբավարար մակարդակը բարելավելու» անհրաժեշտության մասին: Ընդհանրապես վերջերս ԱՄՆ-ի վերաբերյալ՝ ռուսական լրատվամիջոցների չդադարող քննադատության ալիքը նվազել է:
Ստացվում է, որ ՌԴ-Արևմուտք առճակատումը առժամանակ դադարե՞լ է: Իրականում Արևմուտքը Ռուսաստանի համար եղել ու մնում է ամենակարևոր օտարականը: Միայն Արևմուտքին հակադրության մեջ Ռուսաստանը կարող է ձևավորել իր մասին և աշխարհում իր տեղի մասին պատկերացումները: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանը խորհրդային բոլոր հանրապետություններից ամենաշատը բախվեց նոր նույնականության որոնման խնդրին: Այսօր այդ նույնականությունը հավասարեցվել է տարօրինակ խառնուրդի՝ ռուսական պատմության տարբեր շրջանների տարրերի համադրումով՝ ուռռա հայրենասիրության և վտանգի զգացումի՝ Արևմուտքը մշտապես չի հասկանում Ռուսաստանին, ուզում է նրան ստորացնել և ոչնչացնել: Վերջին տարիներին այս բոլոր առասպելները քարոզչությունը խիստ արմատավորում էր:
Շնորհիվ նրանց՝ կա թշնամու հարմար կերպար, որի օգնությամբ նախկին գերտերությունը կարող է արդարացնել իր թուլությունն ու սխալները: Այդ առասպելները ներշնչում են, որ Ռուսաստանը իրականում շատ ավելի ուժեղ է և աշխարհում ավելի մեծ հարգանքի է արժանի, քան ունի: Որքան էլ առեղծվածային է հնչում՝ այդ հարգանքը Ռուսաստանը սպասում է այդքան ատելի Արևմուտքից: Այդ պատճառով էլ Պուտինը մեծ սպասելիքներ ունի Եվրոպայում ու Ամերիկայում պոպուլիստների հաղթարշավից: Պուտինը շատ է ցանկանում ստանձնել հակալիբերալ Ինտերնացիոնալի ղեկավարի դերը: Պոպուլիստների հաջողությունները վարկաբեկում են լիբերալ ժողովրդավարությունը, որ Պուտինի նման քաղաքական գործիչներին լուրջ չէր վերաբերվում:
Յուլյա Սմիռնովա, Die Welt
Հ.Գ. Ռուսաստանի և Արևմուտքի չկարգավորվող հարաբերությունների հիմքում արժեհամակարգերի որոնումն է ոչ միայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ինքնաճանաչման խնդիր ունեցող Ռուսաստանում, այլև՝ Արևմուտքում, որ հայտնվել է հակադրության մեջ մնացած աշխարհի հետ: Պատճառը Արևմուտքի արժեքային համակարգի մնացած աշխարհի արժեքային համակարգի միջև խորացող խզումն էր: Արևմուտքը հավատացել էր պատմության ավարտի Ֆրենսիս Ֆուկույամայի տեսությանը և խրամատավորվել էր ազատականության, բազմամշակութայնության ու հանդուրժողականության իր դիրքերում՝ մինչև մնացածներն էլ հասկանան այդ արժեքների էությունը ու միասին քանդեն խրամատը: Բայց աշխարհը գնաց հակառակ ուղղությամբ՝ իր համար առանձին խրամատ փորեց ու սկսեց կրակել՝ իր խրամատում պատերազմի չսպասող Արևմուտքի վրա: Խորացան կրոնների, հավատալիքների, սովորույթների տարբերությունը ու միմյանց համար անընդունելիությունը, սոցիալական խնդիրները, տնտեսական ճգնաժամերը ստեղծեցին լյումպեն հատվածի՝ պոպուլիստների համար բարենպաստ պայմաններ: ՌԴ-ԱՄՆ հակասությունները այդ շրջագծում են ու չունեն լոկալ լուծում՝ ով էլ լինի նախագահ: Նախագահների մարդկային որակները ավելի խտացնում կամ սակավ տեսանելի են դարձնում արժեհամակարգերի բախման հետևանքները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ